ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Վեց տարեկան Ալեքսանդր Բեյլերյանը, որը հանդիսատեսին ցնցել էր ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Լավագույնը» շոուի («Лучше всех») ժամանակ, որոշել է ևս մեկ անգամ զարմացնել հանդիսատեսին։ Ալեքսանդրի հայրը Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում փոքրիկն ասմունքում է Պուշկինի «Ձմռան երեկո» բանաստեղծությունը` Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ։
«Հարգելի հայրենակիցներ, ես շատ շնորհակալ եմ բոլորիդ բարեմաղթանքների համար։ Ինչպես տեսնում եք, ես հայերեն խոսում եմ, գիտեմ, որ այդ հարցը ձեզ հետաքրքրում է։ Բոլորին ցանկանում եմ հաջողություն և լավ տրամադրություն։ Շնորհակալություն», — ասել է Ալեքսանդրը բանաստեղծությունն արտասանելուց հետո։