ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանն այս գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ (550 կրակոց) և դիպուկահար հրացաններ (33 կրակոց): Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջնագծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):
«ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը»,- այս մասին նշված է հաղորդագրության մեջ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։