ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Բոննի միջազգային փոխարկման կենտրոնը հրապարակել է ամենամյա «Ռազմականացման գլոբալ ինդեքս» զեկույցը, որում Հայաստանը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում։
Վարկանիշում ներառված է 152 պետություն։ Զեկույցում հիմնականում օգտագործվել են 2015 թվականի տվյալները։ 1990 թվականից հրապարակվող ամենամյա զեկույցում ներառված պետությունների ռազմականացման աստիճանը գնահատվում է ըստ մի շարք ցուցանիշների: Օրինակ` պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջեն համեմատում են ՀՆԱ-ի հետ։
Զեկույցում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբերվում են ռազմականացման բարձր մակարդակով, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ։ Ըստ այդմ, երկրներն ուժեղացնում են իրենց զինված ուժերի համակարգը։
«Ապրիլյան լարվածությունից հետո շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը, սակայն վերջնական արդյունք դեռ չկա»,- գրված է «Ռազմականացման գլոբալ ինդեքս» զեկույցում։
Նշված ցանկում Ռուսաստանը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, Ադրբեջանը` 9-րդ, Թուրքիան` 20-րդ, Վրաստանը` 48-րդ։ Վարկանիշի առաջին հորիզոնականում Իսրայելն է։ Տասնյակում են նաև Սինգապուրը (2-րդ տեղ), Հորդանանը (4-րդ տեղ), Հարավային Կորեան (6-րդ տեղ), Կիպրոսը (7-րդ տեղ), Հունաստանը (8 տեղ) և Բրունեյը (10-րդ տեղ)։
«Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների ֆոնին ռազմականացման մակարդակը շատ երկրներում շարունակում է բարձր մնալ։ Իսրայելը շարունակում է մնալ վարկանիշի առաջին, իսկ Հորդանանը` չորրորդ հորիզոնականում։ Մոտակա տարիներին հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես է նավթի գներն ինչպես կազդեն Պարսից ծոցի երկրների ռազմականացման վրա», — նշված է ուսումնասիրության մեջ։