ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի նախասրահը մարդաշատ էր: Շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր և կոմպոզիտորներ, Արթուր Գրիգորյանի ընկերները, ծանոթները և սաներն անհամբեր սպասում էին համերգին:
Հաշված րոպեներ անց շատերի համար սկսվեց երկար սպասված համերգը՝ սիրված կոմպոզիտոր և մանկավարժ Արթուր Գրիգորյանի երեկոն:
Երեկոն «երկար սպասված» անվանեց Գրիգորյանի սանը՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ալլա Լևոնյանը, որը նրան անվանեց իսկական մաեստրո:
«Ես 15 տարեկանից ծանոթ եմ նրա հետ, մի անգամ ասաց. «Դու բնածին տաղանդ ունես»: Իհարկե, ես այդ բառերի նշանակությունը տարիներ անց հասկացա, և ինձ համար շատ հաճելի է, որ նա գնահատել է իմ էությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալլա Լևոնյանը:
Արթուրը նկատել է Ալլային դեռ 1994թ-ից, երբ թիմ է հավաքել իր հերթական նախագծի համար: Առաջին անգամ Լևոնյանի հեղինակային երգը նա լսել է «Արձագանք» ստուդիայում, որտեղ Ալլան ամենամյա մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
«Նրան հետաքրքրեց իմ կատարումը, ցանկացավ հանդիպել ինձ հետ: Այդպես սկսվեց մեր ծանոթությունը: Նա իմ գլխավոր արժանիքն այն է համարում, որ ես չեմ փոխվել տարիների ընթացքում»,- ասաց Լևոնյանը:
Անվանի հայ երգիչ Արսեն Սաֆարյանն ասաց, որ Արթուր Գրիգորյանն օգնել է իրեն պատասխանել իր համար ամենագլխավոր հարցին. «Երգել, թե չերգել»: Նա հիշում է, որ առաջին անգամ նրա հետ ծանոթացել է հեռավոր 1996 թ.-ին, երբ 18-19 տարեկան էր:
«Իմ տպավորությունները շատ անհասկանալի էին, քանի որ ես ծանոթացել էի նոր հայկական էստրադայի հիմնադրի, մեծ մանկավարժի և կոմպոզիտորի հետ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Գրիգորյանն օգնել է իրեն կյանքի ամենակարևոր շրջանում հասկանալ, որ դեռ շատ անելիք ունի երաժշտության աշխարհում:
Հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանը խոստովանեց, որ մեծացել է Արթուր Գրիգորյանի երգերի և երաժշտության ներքո և դրանից հետո միայն՝ անձամբ ծանոթացել նրա հետ:
«Շոու բիզնեսում իմ առաջին քայլերը նրա ուղեկցությամբ եմ արել: Ես նրանից սովորել եմ պրոֆեսիոնալիզմ, որին տիրապետում եմ և նրա շնորհիվ այսօր ես Զարուհի Բաբայանն եմ», — ասաց Բաբայանը:
Նա նշեց, որ մինչև հիմա հիշում է Գրիգորյանի արտահայտությունը, որը սովորեցնում է իր սաներին. «Երբ արտիստը բեմ է բարձրանում, ապա հանդիսատեսը նրանից պետք է այնպիսի բույր զգա, ինչպես ֆրանսիական օծանելիքից»:
Բաբայանը կարծում է, որ այդ արտահայտության մեջ խորը իմաստ կա. արտիստը պետք է այնքան կատարյալ և մտածված գործի բեմում, որ նրան համեմատեն ֆրանսիական օծանելիքի հետ:
Կոմպոզիտոր և երգիչ Արթուր Գրիգորյանը համարվում է Հայաստանի շոու բիզնեսի հիմնադիրը և հայրը: 90-ականների սկզբին նա հիմնել է Երգի թատրոնը, որի դպրոցով անցել են հայկական էստրադայի բազմաթիվ աստղերը: