ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի բնակչությունը 2010-2016 թվականներին ավելացել է 0.3%-ով, և այս պահին 3 միլիոն է կազմում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում:
Հայաստանում կանանց կյանքի միջին տևողությունը 79 տարի է, տղամարդկանցը՝ 71:
Զեկույցում որպես երկրի զարգացման դրական կամ բացասական ցուցանիշ շեշտը դրվել է 10-ամյա աղջիկների վիճակի վրա: Նշվում է, որ Հայաստանում 10 տարեկան աղջիկների ընդհանուր քանակը 17 հազար է:
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա նշված ժամանակահատվածում Վրաստանի բնակչության թիվը նվազել է 1.1%-ով` հասնելով 4 միլիոնի, Ադրբեջանում աճել է 1.4%-ով` հասնելով 9.9 միլիոնի: Իրանի բնակչությունն աճել է 1.3%-ով՝ հասնելով 80 միլիոնի, Թուրքիայի բնակչության թիվը հասել է 79.6 միլիոնի` աճելով 1.6%-ով:
Զեկույցի ցուցանիշներից երևում է, որ մոլորակի բնակչության թիվն ավելանում է: 2016-ին ընդհանուր թիվը կազմել է 7.433 մլրդ, այն դեպքում, որ 2015-ին 7.349 մլրդ էր: