ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. «Հայ-ռուսական համատեղ ռազմական խմբավորումը նոր զորամիավորում չէ, այն Հայաստանում գոյություն ունեցող ռուսական ռազմամիավորման ստորաբաժանումն է, որին ռազմական իրավիճակում միանալու են նաև հայկական զինուժի բանակային 5-րդ կորպուսի ստորաբաժանումները»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան, մեկնաբանելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ռուսական կողմի հետ կնքած համաձայնագրի որոշ մանրամասներ, նշեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ռազմական միավորումը խաղաղ պայմաններում ղեկավարում է հայ հրամանատարը` գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, իսկ պատերազմական իրավիճակում` երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարները համատեղ են որոշում կայացնելու, թե ով կստանձնի զորամիավորման հրամանատարությունն ու կառավարումը»,– ասաց նա։
Խմբավորման մասին այլ մանրամասներ, ռազմավարական նկատառումներից ելնելով, առայժմ չեն բացահայտում։
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը բխում է Հայաստանի անվտանգության շահերից:
Նրա խոսքով` հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը տարիների փորձ ունի, և դա ընդամենը պայմանագրային բազայի վրա է դնում այն, ինչ տարիներով դե ֆակտո գոյություն ունի։ Նա հիշեցրել էր, որ Հայաստանում տարիներ շարունակ գործում է ռուսական ռազմաբազան, որը հանդիսանում է Հայաստանն արտաքին ագրեսիայից պաշտպանող երաշխիքներից մեկը: Ռազմական միասնական խմբավորումը, Շարմազանովի ձևակերպմամբ, ստեղծվում է, որպեսզի երկու դաշնակից ուժերը կարողանան գործակցել: