ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Շառլ Ժերարը (իսկական անունը Նուբար Աճեմյան) ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 1-ին Մարսելում։ Դերասանի կարիերան սկսել է 20 տարեկանից` խաղալով «Ճակատագիր» և «Բոլորն ուզում են սպանել ինձ» ֆիլմերում։
Շառլ Ժերարի 90-ամյակի կապակցությամբ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է գտել, որոնց շնորհիվ կարելի է զուգահեռներ անցկացնել Շառլ անունով երկու ֆրանսահայերի միջև։
Երկուսն էլ ծնվել են Ֆրանսիայում, հայկական ընտանիքում, նրանց տարիքային տարբերությունն ընդամենը երկու տարի է։ Ազնավուրը ծնվել է 1924 թվականին, իսկ Ժերարը` 1926-ին։
- Ազնավուրը ճանաչում է ստացել 1956 թվականին Կասաբլանկայում և Փարիզում կայացած համերգներից հետո, երբ 32 տարեկան էր։ 1960-ականների սկզբին Ազնավուրը ելույթ է ունեցել Ամերիկայում և թողարկել ամերիկյան առաջին ալբոմը։
- «Փամփուշտ հրացանափողում» ֆիլմի ռեժիսորական աշխատանքը Ժերարին ճանաչում է բերել, երբ նա նույնպես 32 տարեկան էր։
Երկուսին միավորում է նաև կինեմատոգրաֆիայի հանդեպ սերը, քանի որ Ազնավուրն էլ բազում դերեր է ունեցել կինոյում։
Երկու հայերն էլ իրենց ֆրանսիացի են համարում, քանի որ մեծացել են Ֆրանսիայում, բայց դրա հետ մեկտեղ չեն մոռանում նաև իրենց հայկական արմատների մասին։
- Երկուսն էլ իրենց համար «երկրորդ» անուն են ընտրել, ու երկուսին էլ ճանաչում է բերել Շառլ անունը։
Ազնավուրն ու Ժերարը նման են նաև իրենց խորաթափանց հայացքով ու շփվող բնավորությամբ։
Շանսոնյեի և կինոռեժիսորի ընկերներն ու գործընկերները երկուսի արտաքինն էլ արտասովոր և հիշվող են համարում։
- Երկու Շառլերն էլ իրենց կարիերայի ընթացքում աշխատել են հայտնի և տաղանդավոր դերասաններ Պիեր Ռիշարի ու Ժան Պոլ Բելմոնդոյի հետ։
Ժերարն իր պատանեկության տարիներին բռնցքամարտով է զբաղվել և հենց բռնցքամարտի խմբակում էլ ծանոթացել է Բելմոնդոյի հետ։ Նրանց ընկերությունը տասնամյակների պատմություն ունի։ Հատկանշական է, որ Ժերարն ընկերություն է անում նաև Շառլի հետ։
Անկախ տարիքից, Ժերարը, Ազնավուրն ու Բելմոնդոն ակտիվ շփվում են և ընկերական երեկոներ կազմակերպում ֆրանսիական ռեստորաններում։