Հայկական ժամանակ․ Գազի գինը կրկին կարող է բարձրանալ 2018 թվականին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա:
«Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 միլիարդ դրամի ներդրում և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում: Սակայն այդ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ դառնալուց հետո որոշվեց, որ գազի սակագինը Հայաստանում պետք է նվազեցվի, և նոր ծրագրով 2017-ի համար նախատեսվել է արդեն 3.5 միլիարդ դրամի ներդրում: Ներդրումների այդպիսի կտրուկ նվազեցումը պայմանավորված էր հենց սակագնի նվազման անհրաժեշտությամբ: Սակայն 2018 —ի համար կրկին նախատեսվել է մեծ ներդրում` մոտ 18 միլիարդ դրամ, ինչը կրկին պետք է ներառվի սակագնի մեջ, և դա հանգեցնելու է սակագնի բարձրացման»,- գրում է թերթը:
Հրապարակ. Կդիմեն Ծառուկյանին և կսպասեն
Թերթը գրում է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի մոտ 1500 ԲՀԿ-ական, բացի քաղխորհրդի անդամներից` հրավիրված են մարզային կառույցների ներկայացուցիչները։
«Օրակարգի գլխավոր հարցը Ծառուկյանին վերադարձի խնդրագիր ներկայացնելն է լինելու, որը, ըստ լուրերի, կհստակեցվի եկող տարեսկզբին։ Քննարկվելու են նաև նախընտրական հարցեր։ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը նախկին կուսղեկավարի վերադարձի հավանականության մասին հարցին արձագանքեց. «Կտեսնենք, մենք կդիմենք ու կսպասենք իր պատասխանին»։ Իսկ ինչի՞ց է կախված Ծառուկյանի վերադարձը։ «Իր կամքից»»,- գրում է թերթը։
Ժողովուրդ. Գալուստ Սահակյանի որդին` հոր հետքերով
«Ժողովուրդ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում:
«Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ա. Սահակյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նրա օգնական Մարգարիտա Սարգսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով. «Պարոն Սահակյանը հանդիսանում է Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավարը և հետևաբար ակտիվ մասնակցություն է ունենալու ընտրությունների կազմակերպչական գործունեությանը, իսկ թեկնածության հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»»,- գրում է թերթը:
Հրապարակ. ՀՀԿ ցուցակում «անշլագ» կլինի
Թերթի տեղեկություններով` Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են ոչ միայն գազի ոլորտի և ՀԷՑ-ի 7 հազար աշխատակիցներ, այլև նրա գլխավոր խորհրդական, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը, որն այնքան էլ նորեկ չէ ՀՀԿ-ում և երկար տարիներ ՀՀԿ-ի շտաբում ընտրությունների ժամանակ համակարգել է լրատվական դաշտը, բայց, փաստորեն, կուսակցությանը չի անդամագրվել:
«Ըստ որոշ լուրերի` նա տեղ կգտնի նաև ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր այս պահին կանանց «անշլագ» է, որովհետև, ճիշտ է՝ կանանց ներկայությունն այս ընտրություններում մեծացվել է, սակայն պատգամավորների թիվն է քչացել, ու նաև կոալիցիաներ ստեղծելու հեռանկարով են թիմերը գնում ընտրությունների, ուստի ՀՀԿ կանանց կորպուսում «միսկրծոցին» մի ուրիշ թափ է հավաքել: Ըստ թերթի աղբյուրների` առաջին հնգյակում կլինեն Հերմինե Նաղդալյանը, երկրորդում` Հրանուշ Հակոբյանը, երրորդում` Արփինե Հովհաննիսյանը, որը ոչ միայն դարձավ ԳՄ անդամ, այլև պայքարում է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար»- գրում է թերթը։
Հայոց աշխարհ. Երևանի տրանսպորտը` փոփոխությունների շեմին
Թերթը գրում է, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում գործող գծատերերի փոխարեն Երևանի քաղաքապետարանը մտադիր է ստեղծել մեկ միասնական օպերատոր։ Նրան կվստահվի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը։
«Այս նախաձեռնության շրջանակներում էլ քաղաքապետարանը պատրաստվում է լուծել նաև ուղևարձի հետ կապված չարչրկված խնդիրը, որը բարձրացնելու բոլոր փորձերը վերջին տարիներին ձախողվել են` բախվելով հասարակության լուրջ դիմադրությանը։»- գրում է թերթը։