ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո:
Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:
Հեռուստամարաթոնը 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաև առցանց՝ www.himnadram.org:
Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված և ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները:
Նվիրատվություն կարելի է կատարել SMS ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 /sms/զանգի արժեքն է 300 դրամ/, այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք, այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն, բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆ դոլար), առցանց` donate.himnadram.org: