ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը։
Այն ընթանում է` ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի։
Նիստին մասնակցելու համար նախօրեին Երևան է ժամանել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ԱՊՀ ՊՆԽ քարտուղարն իր խոսքում կարևորել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց անցկացումը նախատեսված է 2017 թվականին: Անդրադարձ է կատարվել 2017 թվականին ԱՊՀ շրջանակում նախատեսվող համատեղ միջոցառումների, համակարգող կոմիտեների նիստերի, ուսումնամեթոդական հավաքների անցկացմանն ու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքն ու օրակարգային հարցերը: Կողմերը քննարկել են նաև բազմակող համագործակցության զարգացման ուղիները: