ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայկական Armphone սմարթֆոն է նվեր ստացել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից, Sputnik Արմենիային հայտնեցին հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նվերը հանձնվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում երկու գերատեսչությունների ղեկավարիների հանդիպման ժամանակ։ Ընդ որում` ռուս նախարարը ներկա պահին օգտագործում է հայրենական արտադրության Yotaphone հեռախոսը։
Հայկական ArmPhone նոր սմարթֆոնի շնորհանդեսն անցկացվել է հունիսի 6-ին։ Արտադրողները վստահեցրել են, որ իրենց արտադրանքը ոչ մի բանով չի զիջում առաջատար համաշխարհային ապրանքանիշներին։
Համացանցի օգտատերերը շատ ակտիվ արձագանքեցին առաջին հայկական սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին նորությանը։ ArmPhone-ն առայժմ ունի հինգ մոդել` ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520, որոնք իրարից տարբերվում են օպերատիվ հիշողության ծավալով, էկրանի չափով, տեսախցիկի հզորությամբ։ Շարքի «ամենամեծ» սմարթֆոնը` ArmPhone 0520-ն, ունի 1.3GHz հաճախականությամբ ութ միջուկով պրոցեսոր, 5,1 դյույմանոց Full HD սենսորային էկրան, 32 ԳԲ ներքին հիշողություն և 3 ԳԲ օպերատիվ հիշողություն։
Մոդելն ունի երկու տեսախցիկ` հիմնական (13 մեգապիքսել) և դիմային (8 մեգապիքսել)։ Սարքն ունի MicroSD քարտի հնարավորություն, որը կարող է հիշողությունն ավելացնել 32 ԳԲ-ով։ Մոդելն ունի նաև երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև պաշտպանված է մատնահետքի սկաներով։ ArmPhone 0502-ի շարքի «ամենափոքր» մոդելն ունի 8 ԳԲ ներքին հիշողություն և 1 ԳԲ օպերատիվ հիշողություն։