ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Տարածքային ամբողջականություն. մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է Սերժ Սարգսյանը։
«Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»,- ասել է ՀՀ նախագահը Դմիտրի Կիսելյովին։
Սարգսյանը հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն մի քանի անգամ մոտ են եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը, որում արտացոլվում էին հիմնարար սկզբունքները։
«Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այդ ազատ կամարտահայտումը պարտադիր իրավաբանական ուժ ունի, այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, որն է օրակարգը։ Այսինքն` հանրաքվե։ Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը մինչև հիմա էլ պատրաստ է վերադառնալ այդ փաստաթղթին։
«Բայց մեր պատրաստակամությունը ոչինչ չի նշանակում, որովհետև նման դեպքերում պետք է պատրաստ լինեն կողմերը, այլ ոչ թե մեկ կողմը։ Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ առկա է զրոյական վստահություն, ընդհանրապես չկա վստահություն»,- ասել է նախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։