ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Լվովի կրոնի պատմության թանգարանում նոյեմբերի 11-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Ուկրաինայում հայ եկեղեցական համայնքի գործունեությանը և վերածննդի 25-ամյակին, հաղորդում է risu.org.ua-ն։
Ցուցահանդեսի համակարգող ԱնաստասիաԿամալդինովան բացման ժամանակ նշել է, որ առաջին անգամ է կազմակերպում նման թեմայով և ծավալով միջոցառում, և ոչ միայն Լվովի, այլև Կիևի, Դնեպրի հայ համայնքներն են ուրախությամբ արձագանքել բոլոր հարցումներին և ամեն կերպ նպաստել գործին։
«Իրականում ցուցանմուշները ներկայացնում են Լվովում հայկական եկեղեցու գոյության ավելի լայն ժամանակահատված, քան նշված է ցուցահանդեսի ազդագրում։ Օրինակ` կան XVII-XIX դարերի հայկական ձեռագրեր և հին տպագիր գրքեր։ Առանձին բաժին է նվիրված 1915թ-ի Հայոց ցեղասպանությանը։ Մենք նաև մեր պարտքն ենք համարում հիշատակել հայեր Սերգեյ Նիգոյանի և Գեորգի Հարությունյանի մասին, որոնք դարձել են Երկնային հարյուրյակի հերոսներ», — պատմել է Անաստասիա Մալադինովան։
Ցուցահանդեսում կարելի է տեսնել 2001-ին եկեղեցի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի այցելության, Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից եկեղեցու օծման և այլ լուսանկարներ։
Եզակի ցուցանմուշը փայտի մի կտոր է` հայկական բարբառով գրությամբ, որով խոսում էր միայն Լվովի հին հայկական համայնքը։ Հիմա այդ բարբառը գրեթե մոռացված է։ Հենց Լվովում է ժամանակին բացվել Ուկրաինայում առաջին հայկական տպարանը, որը միաժամանակ եղել է աշխարհում չորրորդը։ Հենց այդ տպարանում է առաջին անգամ տեղի բարբառով հայերեն գիրք հրատարակվել։ Ճիշտ է, կազմակերպիչներին չի հաջողվել այդ առաջին տպագրված գիրքը ներառել ցուցադրությունում, քանի որ հուշարձանը գտնվում է Գերմանիայում։
Ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրել հայկական շարականներ Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցու երգչախմբի կատարմամբ։ Երգչախմբի ղեկավար Անդրեյ Շկրաբյուկը նշել է, որ եկեղեցում երգում են ոչ միայն հայերը, այլև ուկրաինացիները, ռուսները, լեհերը` կարծես ներկայացնելով բազմամշակույթ Լվովի պատկերը։