ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:
Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: