ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 15-ին տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին մենահամերգը` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային: Այդ մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։
Կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին ընդառաջ` սույն համերգով կազդարարվի հայ հանդիսատեսին Հարո Ստեփանյանի մշակութային ժառանգության հետ հաղորդակցելու նախաձեռնության մեկնարկը:
2017 թվականի ընթացքում նախատեսված է Հայկ Մելիքյանի կողմից կոմպոզիտորի դաշնամուրային պրելյուդների ձայնագրություն, սկավառակի թողարկում, հետագայում` սկավառակի շնորհանդես և կոմպոզիտորի առավել լայնամասշտաբ ձևաչափով ստեղծագործության` «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրում: Նախաձեռնության հեղինակն է Սարինա Ավթանդիլյանը:
Համերգի ընթացքում դաշնակահարը կներկայացնի նաև մի շարք գլուխգործոցներ` 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում` Շթոքհաուզեն, Հարվի, Վասկս, Մյուրայ և Կոլոմիեց: Մուտքն ազատ է:
