ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. System of a Down հայտնի ռոք խմբի նոր ալբոմը կթողարկվի 2017 թվականին։ Teamrock-ը գրում է, որ այս մասին հայտնել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը։
Նրա խոսքով` SOAD-ի նոր ալբոմի համար 15 կոմպոզիցիաներն արդեն պատրաստ են։ «Մենք ալբոմի ստեղծման վրա աշխատում էինք վերջին վեց ամսվա ընթացքում և արդեն շուրջ 15 երգ ունենք, որոնք, իմ կարծիքով, արժանի են, որ ալբոմում ընդգրկվեն», — ասել է թմբկահարը։
Ճանաչված խմբի թմբկահարի խոսքով` իրենց թիմը կարող է ավելի լավ նվագել, քան երբևէ։
«Մենք ջանում ենք որևէ նոր բան մտածել և ոչ մի կերպ չենք ձգտում կրկնել Toxicity ալբոմը միայն նրա համար, որ նա մեր կարիերայի պատմության ընթացքում ամենահաջողվածն էր։ Սա կլինի ինչ-որ թարմ բան երկրպագուների երիտասարդ սերնդի համար», — ասել է Դոլմայանը։
Խումբը Toxicity ալբոմը թողարկեց 2011 թվականին, և այն եռակի անգամ ճանաչվեց պլատինե ալբոմ, ինչը նշանակում է, որ ավելի քան 3 մլն ձայնասկավառակ էր վաճառվել։
System Of a Down-ն ու Aerosmith-ը Download Festival 2017-ի գլխավոր մասնակիցները կլինեն։
System of a Down-ն (SOAD) ամերիկյան ռոք խումբ է, որը ձևավորվել է 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալքայանի կողմից։ Խմբի բոլոր մասնակիցները հայեր են։ 1998-2005 թվականների խումբը թողարկել է 5 ալբոմ։