ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Վարչապետ Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանին փոխանցեց ՊԵԿ նախագահի առաջարկը։ Վերջինն ուզում է հարկատուների դասակարգում մտցնել և ստեղծել «օրինապահ հարկատու» կարգավիճակ։
«Խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր միջոցով առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել հետևյալ հարցը` եթե հարկատուն ունի նման կոչում, որակավորում, բանկերը նրան վերաբերվեն արտոնյալ պայմաններով»,-ասաց վարչապետն ու հարցրեց Ջավադյանին` արդյո՞ք դա իրագործելի է։
Ջավադյանը պատասխանեց, որ իրենք կարող են փոփոխություններ անել կանոնակարգերում, ինչպես նաև բանկերի համար նվազեցնել ռիսկային կշիռները։ Սա, ըստ նրա, հնարավորություն կտա խթանել կազմակերպությունների աշխատանքը։
«Այս դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում, իսկ վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է։ Բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով, հեշտ ու արագ վարկեր տրամադրել»,-ասաց ԿԲ նախագահը։
Վարչապետը խնդրեց այս հարցը քննարկել ու լուծումներ գտնել։