ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. «Հայ հերոսներ» նախագծի հեղինակները նախագիծը ներկայացնելու են սերիալի տեսքով և մուլտֆիլմի լեզվով պատմելու են տարբեր դարաշրջանների հայ հերոսների մասին։ 20 մասից բաղկացած սերիալի յուրաքանչյուր սերիան 10-12 րոպե տևողություն կունենա, և յուրաքանչյուրը նվիրված կլինի հայ ազգային հերոսներից մեկին` Հայկ նահապետից մինչև մերօրյա հերոսներ։
«Նախագծի համար գումար դեռ չկա, բայց հիմնական կերպարների կոմպլեկտացիան բուռն ընթացքի մեջ է։ Առաջին երկու սերիաների պատվիրատուն մշակույթի նախարարությունն է։ Մյուս սերիաների համար գումար ինքներս պետք է գտնենք։ Հուսով եմ, որ առաջին երկու սերիաները, որոնց վրա հիմա աշխատում ենք, կարող են հետագա ֆինանսավորման համար խթան հանդիսանալ», — Sputnik Արմենիային ասաց Դավիթ Սահակյանցը։
Նրա խոսքով` մշակույթի նախարարությունը ոգևորությամբ է ընդունել նախագիծը և խոստացել է աջակցել։
«Այնպես որ պետք է փնտրենք և աշխատենք։ Առաջին երկու սերիաներից շատ բան է կախված։ Եթե դրանք հանդիսատեսին դուր գան, ապա հետագայում ֆինանսական հարցերն, անշուշտ, ավելի հեշտ կլուծվեն», — ասաց նա։
Սահակյանցը հայտնեց, որ առաջին սերիաները հանդիսատեսի դատին կհանձնեն 2017 թվականի կեսերին։
Նրա կարծիքով` այդ ընթացքում կհաջողվի լուծել ամբողջ նախագծի ֆինանսական հարցերը։ Նախագծի շրջանակում կներկայացվեն և՛ իրական հերոսները (Դև, Մոնթե, Լեոնիդ Ազգալդյան), և ժողովրդական հեքիաթների և էպոսների հերոսները։
«Նախատեսում ենք առանձին մի քանի սերիայով ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։ Օրինակ` մարշալ Բաղրամյանին կամ Հունան Ավետիսյանին… Մեծ հաշվով, դա հայ ժողովրդի հերոսների մասին սերիալ է լինելու։ Դարաշրջանների և ժամանակաշրջանների մասին։ Մարդկանց և մեծերի մասին», — ասաց ռեժիսորը։
Մուլտիպլիկացիոն սերիալը կառուցված է լինելու ինչպես գրական ստեղծագործությունների, այնպես էլ վավերագրական փաստերի հիման վրա։ Բոլոր կերպարների կոմպլեկտավորումը բարդ և պատասխանատու գործընթաց է, որն իրականացնում է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» ընկերությունը։
«Թե ինչ կստացվի արդյունքում, ցույց կտա ժամանակը։ Բայց ես համոզված եմ, որ այս նախագիծը պետք է մեր հասարակությանը, և նման գործի համար գումար անպայման կգտնվի», — ասաց նա։
«Հայ հերոսներ» սերիալի մանրամասների մասին նախագծի հեղինակ Ռոբերտ Սահակյանցը խոստացել է առաջիկայում պատմել Sputnik Արմենիա ռադիոկայանի ունկնդիրներին։