ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում նախագահն առանձնազրույց կունենա Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:
Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայցելի նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ: ՀՀ նախագահն այցի շրջանակներում հանդիպում կունենա ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ:
Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: