ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը կկայանա Պատանի երաժիշտների «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») 17-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը, հայտնում են մշակույթի նախարարությունից:
Մրցույթին կմասնակցեն 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Կոստա-Ռիկայից, Կանադայից, Վրաստանից և այլ երկրներից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարվա մրցույթին Հայաստանից կմասնակցեն Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի պատանի թավջութակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Իոանիսյանը (դասատու` Գայանե Ռաֆայելյան) և Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի փողային բաժնի աշակերտ, գալարափողհար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արթուր Թադևոսովը (դասատու` Հայկ Մկրտչյան, Պաոլո Րիզզուտո):
Պատանի երաժիշտ-կատարողները կկատարեն Ն. Ֆյոդորովի, Կ. Լորենցի, Վ. Ա. Մոցարտի, Յ. Հայդնի, Կ. Պոպերի ստեղծագործությունները:
Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 17-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը կանցկացվի 3 անվանակարգում` դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:
Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները կգնահատի անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:
Հիշեցնենք, որ Պատանի երաժիշտների «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») միջազգային հեռուստատեսային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին` ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Իր տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը` դասական երաժշտության բնագավառում:
Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից` աշխարհի մեկուկես տասնյակից ավելի երկրներից։ Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները:
Նշենք նաև, որ Հայաստանի պատվիրակները «Շչելկունչիկ» մրցույթին մշտապես, ցուցաբերել են գործուն մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. Էմմանուել Ճգնավորյան (ջութակ)` «Արծաթե Շչելկունչիկ-2006», Դիանա Խաչատրյան (դաշնամուր)` դիպլոմ (2009 թ.), Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)` դիպլոմ (2011 թ.), Դիանա Ադամյան (ջութակ)` «Արծաթե Շչելկունչիկ-2012» (2012 թ.), Դանիել Մելքոնյան (շեփոր)` «Բրոնզե Շչելկունչիկ-2014» (2014 թ.) Արտյոմ Իոանիսյան (թավջութակ)` դիպլոմ (2015 թ.):