ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Հայաստանի որոշ մարզերում կտիրի իսկական ամառային եղանակ։ Այսպես` Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում նոյեմբերի 11-ին և 12-ին ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 25 աստիճան տաքություն։
Երևանում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ևս ջերմ եղանակ է սպասվում` այսօր ցերեկը կլինի 15-16, իսկ շաբաթ օրն արդեն` 18-19 աստիճան տաքություն։
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին: Այս տարվա նույն օրը Երևանում կանխատեսված է +18…+19 աստիճան տաքություն: «Տեսնենք` կգերազանցե՞նք ռեկորդային արժեքը, թե՞ ոչ»,– հարց է տվել Սուրենյանը։