ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում բերման են ենթարկել Gelandewagen մեքենայով սկանդալային ավտովազքերի մասնակիցներից մեկին՝ Մառա Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մառա Բաղդասարյանը բերման է ենթարկվել Լենինի պողոտայում»,–ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` ի սկզբանե ոստիկանները 23-ամյա աղջկան վարչական տուգանք են նշանակել մեքենան սխալ կայանելու համար: Սակայն Բաղդասարյանի փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ նա ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար չվճարված շուրջ 16 տուգանք։
«Աղջկան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժանմունք և տեղեկացրել, որ դատական բաժին ներկայանա»,– ավելացրել է աղբյուրը։
Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, զբաղվում է մսի մեծածախ վաճառքով: