ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է իր ակումբակիցներից ավելի լավ խաղա, որպեսզի ելույթ ունենա հիմնական կազմում, ասել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է Championat.com-ը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ֆեներբախչեի» հետ արտագնա խաղից հետո (2:1) խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես չեմ մտածում նրանից հրաժարվելու մասին, բայց նա պետք է ավելին անի, դա շատ պարզ է: Մենք մեծ ակնկալիքներ ունենք և շատ խաղացողներ նրա դիրքում: Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից և Մարսիալից լավ խաղա, շատ պարզ է: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթանակներ տոնել, յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է, որ խաղան այն ֆուտբոլիստները, ովքեր կարող են ավելի շատ օգնել թիմին, ես բացառություն չեմ», — ասել է Մոուրինյոն:
Երկարատև բացակայությունից հետո Մխիթարյանը հայտավորված էր «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցակում և փոխարինման մտավ հանդիպման 61-րդ րոպեին: