ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Թալիշից ևս քսան ընտանիք կհաստատվի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում, Sputnik Արմենիային ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։
«Ալաշանում, որտեղ քառօրյա պատերազմից հետո տեղափոխվեց Թալիշի բնակիչների մի մասը, կհաստատվի ևս 20 ընտանիք։ Այդ նպատակի համար այնտեղ կտեղադրվի 20 հավաքովի տնակ, որոնք այժմ տեղափոխում են Չինաստանից», — ասաց Պետրոսյանը։
Ալաշանում այժմ տնակների հիմքի պատրաստման աշխատանքներն են ընթանում։ Այն ընտանիքները, որոնք կզբաղեցնեն այդ տները, արդեն հայտնի են և պատրաստ են տեղափոխման։ Նրա խոսքով` տվյալ պահին ղեկավարությունը Թալիշի բնակիչներին հավաքում է հենց Ալաշանում։
Ավելի վաղ ասվում էր, որ Ալաշանում է հաստատվել 20 ընտանիք Թալիշից, որը գրեթե ամբողջովին ավերվել էր ռազմական գործողությունների հետևանքով։ Գյուղի մոտ 600 բնակիչ օթևան գտավ կամ հարևան գյուղերում բնակվող հարազատների մոտ, կամ Ստեփանակերտի հյուրանոցներում։