ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի-Sputnik, Արման Վանեսքեհյան. Անկարան իր արևմտյան գործընկերների վրա ճնշում գործադրելու հետաքրքիր ձև է գտել: Թուրք պաշտոնյաներն այն խաղաքարտն են խաղացնում, որը մահապատիժ է կոչվում: Ստացվում է հետևյալը…
Անկարան հայտնում է, որ նորից սկսում է մահապատիժ կիրառել: Եվրոպան ի պատասխան ասում է՝ դա կնշանակի, որ Եվրամիության դռները Թուրքիայի դեմ մեկընդմիշտ կփակվեն: Անկարան էլ իր հերթին պատասխանում է ՝ դե բացեք, որ չկիրառենք մահապատիժը։
Եվրոպացիները, սակայն, բոլորովին չեն ուզում Թուրքիային Եվրամիության անդամ դարձնել, քանի որ հազար ու մի հարցեր կան. փախստականների հարց, ահաբեկիչ-ջիհադականների խնդիր… Նրանց ոտքը չեն կարողանում կտրել Եվրոպայից նույնիսկ ներկա պայմաններում, իսկ ինչ է լինելու այն ժամանակ, երբ
Թուրքիան Եվրամիության լիարժեք անդամ դառնա։
Ու այդպես արդեն մի քանի ամիս է՝ կարուսել է պտտվում… Նման իրավիճակը երկար չի կարող տևել: Մահապատժից ժողովուրդը վախենում է, միաժամանակ, ուզում է դառնալ Եվրամիության անդամ։ Այդ պարագայում Էրդողանը կարողանում է ինչ-որ բաներ շահարկել թե՛ միջազգային քաղաքական ասպարեզում, թե՛ իր ներքին քաղաքական խնդիրները լուծելիս:
Էրդողանը չի կարող ակնհայտ ասել, որ ամռան խռովությունից հետո գերադասում է արևմուտքից հնարավորինս հեռու մնալ, քանի որ կասկածում է (ու անտեղին չէ կասկածը), որ հերթական գունավոր հեղափոխությունը հենց Թուրքիային է սպառնում: Աչքը, ինչպես ասում են, տեսածից է վախենում:
Թուրքիայի բնակչությունը, սակայն, իր առաջնորդին չի հասկանա. դա ակնհայտ է: Արդեն տասնյակ տարիներ թուրքերին թե՛ արևմուտքը, թե՛ իր ղեկավարությունը Եվրամիության լիարժեք անդամի կարգավիճակի լեգենդով է հանգստացնում: Հիմա արի ու տես՝ երկրի նախագահն ասում է, որ անհրաժեշտ է Եվրոպայից հեռու մնալ ինչ-ինչ պատճառներով։ Դա հերթական խռովության թեմա է:
Այդ պատճառով էլ Էրդողանն այլ տարբերակ է ընտրում: Նա այնպես է անում, որ Եվրոպան ինքը հայտարարի, որ չի ընդունի Թուրքիային որպես լիարժեք անդամ, որովհետև երկրում մահապատիժ է կիրառվում կամ, ասենք, մարդու իրավունքներն են ոտնահարվում…
Մահապատիժը վերականգնելը Էրդողանին շատ ավելի հեշտ կլինի հիմնավորել երկրի ներսում: Ժողովուրդն էլ այդ գաղափարի հետևից ակնհայտ գնացող է, քանի որ այդ ամենը ղեկավարությունը բացատրում է ամառվա հեղաշրջումը կազմակերպողներին պատժելու անհրաժեշտությամբ:
Այնպես որ, Եվրամիության մասին Թուրքիայի պարագայում, կարծում եմ, խոսելն ավելորդ է: