ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում, ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքում:
«Մասնավորապես` Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է»,- նշել են նախարարությունից:
Ըստ հաղորդագրության` ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս:
Նախարարությունում համոզված են, որ նման ապատեղեկատվություն տարածելով` ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար: