ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի-Sputnik, Խաչիկ Չախոյան. Օգոստսոի 31-ին Չեխիա-Հայաստանի ընկերական խաղից հետո Մխիթարյանի վնասվածքը ապաքինվեց, սակայն դա էլ դեռևս հիմք չի հանդիսանում մանկունյանցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար, որը Հենրիխի հետ հույսեր կապելով, նրան չի «տեսնում» իր թիմի կազմում: Վերջին խաղը հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է սեպտեմբերի 10-ին:
Բազմաբնույթ շատ տեղեկություններ տարածվեցին Մխիթարյանի հետ կապված: Անգլիական լրատվամիջոցմները նույնիսկ շտապեցին նշել, որ հունվարին, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայ ֆուտբոլիստը հեռանալու է Յունայթեդից: Ոմանք նման խորհուրդներ սկսեցին տալ մեր ֆուտբոլիստին, ոմանք էլ հակառակը, գտնում են, որ Մխիթարյանը մնալու է կարմիր սատանաների կազմում և կարգավորելու է խաղը հարձակման գծում:
Հարկ է նշել, որ պաշտոնական ոչ մի ինֆորմացիա Հենրիխի տեղափոխման, վարձակալման մասին չկա: Պարզ է, որ լրատվամիջոցները փորձում են Մխիթարյանի հետ կապված ամեն անգամ մի բան ցուցադրել ու տիրապետում են իրավիճակին: Բայց եկեք հասկանանք, թե ինչու՞ հայ ֆուտբոլիստը տեղ չի գտնում իր ներկայիս թիմի մեկնարկային կազմում՝ հետ հայացք գցելով նրա կարիերային ու ընդգծելով Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունները:
Հոկտեմբերի 21-ին պորտուգալացին «Չելսիի» խաղից առաջ նշեց, որ Հենրիխը մարզվում է ընդհանուր խմբում, բայց դեռ լիարժեք պատրաստ չէ խաղերին: Մատնանշելով հայ ֆուտբոլիստի բարձր կարգը՝ Ժոզեն անընդհատ նշում է, որ ֆուտբոլիստը դեռևս լիարժեք պատրաստ չէ խաղերին, բայց կգա ժամանակը ու նա կխաղա:
Մեծ հաշվով պարզ է, որ կխաղա, սակայն բոլորին անհանգստացնում է, թե ե՞րբ: Այն, որ մեր ֆուտբոլիստը մեծ ներուժ ունի՝ քննարկման ենթակա չէ: Վերջապես, չմոռանանք, որ Անտոնի Մարսիալն էլ Յունայթեդ տեղափոխվեց 50մլն ֆունտով: Բայց ո՞վ կարող է ասել, որ Մարսիալը թիմի մեկնարկային կազմի խաղացող է:
Չեմ կարծում, որ Հենրիխը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ կտեղափոխվի: Հակառակը, համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենա:
Ընդհանրապես, հնչեղ տեղափոխությունները հիմնականում տեղի են ունենում ամռանը: Բացի այդ էլ, Անգլիայում մեր ֆուտբոլիստի համար դեռ ամեն ինչ վերջացած չէ:
Հենրիխ Մխիթարյանին «Փյունիկից» տեղափոխվելուց հետո միշտ էլ նոր առաջնությանը հարմարվելու համար որոշակի ժամանակ է պետք եղել:
«Մետալուրգում», «Շախտյորում» և «Բորուսիայում» հայ ֆուտբոլիստը առաջին մրցաշրջաններում մեղմ ասած լավ հանդես չի եկել: Բայց սրա հետ մեկտեղ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել հետո: Մխիթարյանը դարձել է վերը նշված ակումբների առաջատարն ու լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Անգլիական պրեմյեր լիգան իր ամբողջ կառուցվածքով ու նշանակությամբ տարբերվում է բոլորից: Այսինքն, այստեղ էլ մեր ֆուտբոլիստից պարզապես ժամանակ է պահանջվում:
Ավելին, ես գրեթե համոզված եմ, որ Հենրիխի լավ օրերը Անգլիայում դեռ առջևում են: Ժոզեն, միգուցե, նույնպես այս ամենը շատ լավ գիտի ու հասկանում է: Համենայնդեպս, պորտուգալացին առայժմ սպասում է: Հենրիխը տքնաջան մարզվում է: Եվ, հաշվի առնելով Մոուրինյոյի մարզչական հոտառոտությունն ու Հենրիխի աշխատասիրությունն ու տաղանդը, եկեք մենք էլ սպասենք:
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայի 10-րդ տուրում մրցելու է «Բառնլիի» հետ: Նորից եկեք սպասենք ու տեսնենք: