ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» միջազգային բարեգործական 13-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 64 ֆիլմ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Մալայզիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից և Բելգիայից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փառատոնն ընդհանուր առմամբ 321 ֆիլմի հայտեր է ստացել, որոնցում եղել են խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր:
Մրցութային ծրագրում ներառված է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» խաղարկային ֆիլմը, որը պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, որոնք էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևակայության և երազների մասին է: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնում այս ֆիլմն արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակման»:
«Լուսաշող հրեշտակ» փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է նաև իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղը «Անմահը» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում արժանացել էր «Արծաթե ծիրանի»:
Մասնակիցների ֆիլմերը գնահատելու է ժյուրին: Ամեն անվանակարգում երեք մրցութային տեղ է նախատեսված: Հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 6-ին: