ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Այսօր 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:
1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականերին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։
Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ /«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)/:
Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ.Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)։