ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. 88 տարեկանում մահացել է հայտնի հոգեբան Էլդա Գրինը։ Այս մասին հայտնում է ԵՊՀ-ի մամուլի ծառայությունը:
Էլդա Գրինը ծնվել է 1928թ. մարտի 10-ին Թիֆլիսում: 1943թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947թ.` Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971թ. նրան շնորհվել է դոցենտի, 2003թ.` պրոֆեսորի կոչում:
Էլդա Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության հարցերով: Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, որոնցից առավել կարևորներն են` «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում», «Խառնվածք», «Դատահոգեբանական փորձաքննություն», «Դատական գործունեության հոգեբանություն» և այլն: Հեղինակ է նաև գեղարվեստական գրքերի, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն:
1947թ. Էլդա Գրինը պարգևատրվել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալով: