ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի ազատ ոճայինները առաջին անգամ մասնակցեցին նման խոշոր մրցաշարի: Ընդ որում, օլիմպիական խաղերի ոչ բոլոր մասնակիցներին հաջողվեց հաղթել Հայաստանի առաջնությունում:
Երկու օրվա ընթացքում հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները որոշվեցին չորսական քաշային կարգերում: Բնականաբար նման մրցումներում հավաքականի մարզիչները մեծ ուշադրությամբ են հետևում մրցագորգի վրա տեղի ունեցող իրադարձություններին, չէ՞ որ հավաքականն անընդհատ փորձարկում է նոր ըմբիշների:
Հայաստանի առաջնության մրցումների ընթացքում շատ կարևոր նշանակություն ուներին մինչև 61 և 70 կգ քաշային կարգերը. դեկտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:
Այդ մրցաշարում 61կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Վոլոդյա Ֆռանգուլյանը, որը Հայաստանի առաջնության եզրափակիչում հաղթանակի հասավ փորձառու Գարիկ Բարսեղյանի նկատմամբ: 70կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Խաչատուր Պապիկյանը, սակայն ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, մարզչական քննարկումներից հետո կորոշվի, թե ով հանդես կգա Բուդապեշտում:
Այսօր կայացած գոտեմարտերից առանձնացան 57կգ և 74կգ քաշային կարգերի եզրափակիչները: Երկու դեպքում էլ շատ համառ ու հետաքրքիր պայքար ծավալվեց: 57 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Նարեկ Հովհաննիսյանը, իսկ 74 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության եզրափակիչում արդեն չորրորդ անգամ մրցեցին Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կաջոյանը: Հաղթեց Գրիգորյանը:
«Մրցումներում, կարելի է ասել, անակնկալ չգրանցվեց: Ուրախացրին երիտասարդ ըմբիշները, որոնք հավասար պայքարի մեջ էին մտել ավելի փորձառու մրցակիցների հետ: Մրցումների ընթացքում երևաց, որ ըմբիշները լավ պատրաստ չեն ֆիզիկապես: Օլիմպիական խաղերից հետո հավաքականը դեռ չի մարզվել: Նոյեմբերի 1-ից անցկացնելու ենք առաջին հավաքը: Տեղում արդեն կկողմնորոշվենք, թե ով ինչպես է պատրաստ ու կշարունակենք աշխատել բացթողումները լրացնելու համար»,-մրցումների ավարտից հետո նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը։
Հավելենք, որ իրենց քաշային կարգերում չեմպիոն դարձան նաև օլիմպիական խաղերի մասնակիցներ Գեորգի Կետոևը և Լևան Բերիանիձեն: Բացի այդ, ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեցին Նարեկ Սիրունյանը և Վահե Թամրազյանը: