ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «MAN» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` Շուռնուխ գյուղի մոտակայքում, «MAN» մակնիշի 15D14310 պ/հ ավտոբուսի անվաշղթաները վնասվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ:
Փրկարարները մարզպետարանի տրամադրած ավտոբուսով բոլոր 26 ուղևորներին (17 երեխա, 9-ը մեծահասակ) տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք` ապահովելով տաք թեյով և սննդով՝ մինչ իրենց ավտոբուսի ժամանումը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: