ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Գերմանիայի ԱԳՆ-ն հետաձգել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգը, որը պետք է անցկացվեր Ստամբուլում հյուպատոսարանում, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»` հղում անելով Daily Sabah-ին։
1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգը պետք է անցկացվեր նոյեմբերի 13-ին։
«Հյուպատոսության տարածքից օգտվելու հնարավորություն նոյեմբերի 13-ին չկա», — հայտնել են ԳԴՀ ԱԳՆ-ում։
Ավելի վաղ հայտնել էին, որ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգին հրավիրված էր Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում` նախագահն ու վարչապետը։
Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը: Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո վատացան Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները։ Անկարան հրաժարվեց թույլ տալ գերմանացի պատգամավորներին մուտք գործել «Ինջիրլիք» ռազմակայան։