ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 23-25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով Հայաստանում էր METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակությունը` METRO AG-ի փոխնախագահ, ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևի գլխավորությամբ, հայտնում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Հոկտեմբերի 24-ին կայացել են Գրիգորևի հանդիպումները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ:
Կարայանը հանդիպմանը տեղեկացրել է առևտրի և որակի ենթակառուցվածքների բարեփոխմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ, վստահեցրել, որ առաջիկայում դրանք ավարտին են հասցվելու միջազգային չափանիշներին համապատասխան` նշելով, որ Հայաստանը բաց է արդյունավետ փոխգործակցությունը զարգացնելու համար:
Այցի շրջանակներում պատվիրակությունը Երևանում և ՀՀ մարզերում այցելել է տարբեր ոլորտների մի շարք կազմակերպություններ, տեղում ծանոթացել հայկական արտադրության ապրանքատեսակներին և համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, ձկնամթերքի և պանրի արտադրության, պահածոյագործության, ինչպես նաև գինեգործության և կոնյակագործության:
Համագործակցության նոր կապեր ստեղծելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կազմակերպվել է հայկական արտադրության ապրանքատեսակների համտես-ցուցադրություն: Ներկայացվել են հայաստանյան շուրջ 15 ընկերությունների արտադրության գինիների, երշիկեղենի, բնական հյութերի, պահածոների, պանրի տեսականի:
METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայկական արտադրանքի որակական հատկանիշների նկատմամբ` նշելով, որ այն լիովին համապատասխանում է այսօրվա պահանջներին և մրցունակ է, այլ հարց է, որ նոր շուկաներ մուտք գործելիս պետք է պատրաստ լինի խիստ մրցակցությանը:
Միջոցառմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ «Սպայկա» և «Այս Հաուս» կազմակերպություններում։