ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Մարինե Ֆարմանյանը tert.am-ին հայտնել է, որ Վահան Ղազարյանն ինքնասպանության փորձ է կատարել ամրակ կուլ տալու միջոցով:
«Այդ օրը մահվան լուրը հենց լսեց, ծանր հոգեբանական վիճակի մեջ հայտնվեց, որովհետև ինքը սպանելու դիտավորություն չի ունեցել, մեղքը չի վերցնում: Նրան օգնություն են ցույց տվել քրեակատարողական հիմնարկում»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ հաջորդ օրն արդեն քննչական գործողությունների է մասնակցել:
«Նա դիտավորություն չի ունեցել սպանելու: Ուղղակի սպասում ենք արարողություններն անցնեն, շատ բան ունենք պարզաբանելու»,- ասաց նա:
Հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչ արդյունքում Լևոնը սրտի ու թոքի շրջանում վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և 2 օր անց մահացել էր:
Վեճի պատճառը եղել է Լևոնի նշանածի աշխատավարձը չվճարելը, որն աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ):