ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Էստոնիայի ազգայնական կուսակցություները` «Աջ հատվածը» և Անկախության կուսակցությունը, Sputnik-ի էստոնական խմբագրության էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել, որում հայտարարել են, որ արգելափակելու են այդ երկրում Sputnik գործակալության աշխատանքը, հաղորդում է Sputnik Էստոնիան։
Sputnik Էստոնիայի ղեկավար Ելենա Չերնիշևան նշել է, որ նամակում, Սպուտնիկից բացի, նշված են նաև ռուսական հեռուստաալիքները։
Ազգայնամոլները գրում են, որ «իրենց հայրերը և պապերը պայքարել են բոլշևիզմի դեմ գերմանական համազգեստներով» և սպառնալիքներ հնչեցրել մի շարք ռուսական ԶԼՄ-ների և լրագրողների հասցեին։
«Տվյալ պահին մենք աշխատում ենք հանրապետության տարածքում ռուսական հեռուստատեսության վրա օրենսդրական արգելք սահմանելու ուղղությամբ։ Անկախության կուսակցությունը և «Աջ հատվածը» սկսում են ակտիվորեն արգելափակել Էստոնիայում Sputnik-News գործակալության աշխատանքը»,- ասվում է նամակում։
Sputnik-ի ղեկավարությունը որպես սպառնալիք է ընդունում նամակը և ուշադրություն հրավիրում այն փաստին, որ նման հայտարարություններ արվում են Եվրամիության անդամ երկրում։
«Զարմանալի է, որ մարդիկ, որոնք հպարտանում են իրենց հայրերի ֆաշիստական համազգեստով, կարող են հանդես գալ նման հայտարարություններով ԵՄ երկրում և սպառնալ ԶԼՄ-ի աշխատանքին»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Կոչետկովը։