Երևանի թիվ 126 մանկապարտեզն այսուհետ կոչվելու է «Ժպիտներ», քանի որ հիմնանորոգումից հետո այն ժպիտ է պարգևելու բոլորին։ Այսօր տեղի ունեցավ արդեն լիովին նոր ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։
«Մոսկվայում ինձ մի բարերար մոտեցավ, ասաց, որ Հայաստանի մանուկներին օգնելու ցանկություն ունի։ Ես առաջարկեցի` եկեք այս մի նախագիծն էլ առողջ մանուկների համար անենք։ Ես նախկինում մանկապարտեզի աշխատակից եմ եղել ու տեսել եմ, որ բոլոր մանկապարտեզներն ահավոր վատ վիճակում են, ինքը համաձայնեց։ Դիմեցի քաղաքապետարան, ասացի` ինձ տվեք ամենամեծ ու ամենավատ վիճակում գնվող մանկապարտեզի հասցեն»,- Sputnik Արմենիային ասաց Ռիտա Սարգսյանը։
Նրա խոսքով` աշխատանքները տևել են ընդամենը 6 ամիս։ Մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է։
«Նախագծի շարունակության համար սպասում ենք հաջորդ բարերարին»,- ասաց Ռիտա Սարգսյանը։ Նրա խոսքով` քանի որ իրենց տան երեխաներն արդեն մեծացել են, որոշել է իրենց տան «ձմեռային այգին» տեղափոխել նորոգված մանկապարտեզ։