ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) դրամատիկ ֆիլմը` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, ընդգրկվել է KinoTime.org-ի կազմած ամենահուզիչ ֆիլմերի ցուցակում։
Ցուցակում ներառվել են 2014-2016թթ. թողարկված ֆիլմերը։
«Հայոց ցեղասպանության ժամանակ Նազարեթ Մանուկյանը կորցնում է ընտանիքը։ Տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ հնարավոր է` իր երկվորյակ աղջիկները փրկվել են։ Նազարեթն ուղևորվում է նրանց որոնելու և հայրենի Մարդին գյուղից հասնում Միջագետքի անապատ, իսկ հետո` Հավանա և Հյուսիսային Դակոտա»,- ասվում է ֆիլմի գրախոսականում։
Հրատարակությունը նշում է, որ հոգեբանների տվյալներով` տխուր ֆիլմերը ստիպում են հանդիսատեսին վերանայել իրենց հարաբերությունները հարազատ մարդկանց հետո։ Արդյունքում կինոն նրանց ավելի երջանիկ է դարձնում։
Այսպես, այն ֆիլմերը, որոնք ստիպում են արտասվել, դրական ազդեցություն ունեն, քանի որ դրանց շնորհիվ մենք ուշադրություն ենք դարձնում սեփական կյանքի տարբեր կողմերին և փորձում փոխել դրանք դեպի լավը։
138 րոպե տևող ֆիլմը նկարահանվել է անգլերեն լեզվով, սցենարի հեղինակներն են ֆիլմը ռեժիսորը և Մարտիկ Մարտինը։ Ֆաթիհ Աքինի ֆիլմում ցուցադրված են 1915-1920թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմական, ողբերգական իրադարձությունները։