ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում, հայտնում են մշակույթի նախարարությունից։
«Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
«Եղեռնից փրկվածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստների պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Փառատոնի ընթացքում մարզի 12 համայնքներ կներկայացնեն առօրյա, տոնական և սիրված սննդատեսակներ, նաև որոշ տեսակների պատրաստման արարողակարգը, որը կուղեկցվի հայկական ազգային ավանդական ուտեստների ցուցադրությամբ և հյուրասիրությամբ:
Մրցանակներ կշնորհվեն տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին, ընտանիքներին: Տոնական միջոցառման ընթացքում տեղի կունենա հայկական ազգային տիկնիկների և կենցաղային իրերի ցուցադրություն, կներկայացվեն ազգային ավանդական երգեր, պարեր և խաղեր, հանդես կգան անհատ կատարողներ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Մարզի այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը: