ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Արտասահմանցի լրագրողները տեղ հասան հենց այն պահին, երբ նախագահի նստավայրի մոտ գտնվող մամուլի կենտրոնն արդեն պատրաստ էր։ Առաջին ավտոբուսով ժամանեցին ռուսական և տաջիկական պատվիրակությունները, որոնց հաջորդեցին մյուս հյուրերը։ Երբ երկար ժամանակ մնում ես հերթում, անկախ քեզանից` բազում հետաքրքրիր խոսակցություններ ես լսում։
Լրագրողներն էլ են, չէ՞, մարդիկ։ Ռուս լրագրողներից մի քանիսը խոսում էին անցած գիշերվա, «ընտիր» ռեստորանի մասին, որտեղ ոչ պակաս «ընտիր» ժամանակ էին անցկացրել։
«Լավ արեցիր, որ չեկար. տես` ինչ թարմ տեսք ունես»,- կատակեց լրագրողներից մեկը։
Մյուսներն էլ խոսում էին իրենց հաջորդ ուղևորության ու հյուրանոցների որակի մասին։ Մեկն էլ հանգիստ ծխում էր իր էլեկտրոնային սիգարետը։
Վերջապես ներս մտանք։ Արևի տակ դրված սպիտակ վրանը աչք էր կուրացնում։ Լրագրողները «ազգային խմբեր» կազմեցին և հարմար տեղավորվեցին։ Ղրղըզստանից ժամանած լրագրողները տանջանքների գիրկն ընկան, որովհետև WI-FI-ի հետ կապված խնդիրներ կային։
Տեխնիկական հարցերով զբաղված էին ոչ միայն Բիշքեկից ժամանած լրագրողները, այլ նաև մնացածը` քննարկելով, թե ուր կարելի է հասցնել գնալ Երևան կատարած կարճատև այցի շրջանակում։ Նորանոր լրագրողներ էին գալիս, դահլիճը լցվում էր գվվոցով, որի մեջ կարելի էր լսել հասարակ կենցաղային խոսակցություններ, որոնք ոչ մի կերպ չէին վերաբերում նրան, ինչի համար հավաքվել էին։ Երբեմն խոսակցությունների մեջ լսվում էին հարցեր` «ժամը քանիսին կլինի՞», «ինչպե՞ս է գրվում նրա ազգանունը» և այլն։
Մեկ ժամ սպասումից հետո լրագրողները սկսեցին ընտելանալ իրավիճակին։ Նրանց մեծ մասը շունչ էր քաշում։ Ինչ-որ մեկը վերցրել էր հերթական սուրճը, մյուսը փռվել էր հարմար աթոռին, մեկն էլ սոցիալական ցանցեր էր մտել։
«Երանի մի բան ուտեինք, ժամանակն է արդեն, հետո էլ քնեինք…», — լսվեց մոտակայքում։ Ղազախստանցի թղթակիցը քնաթաթախ հորանջեց։ Հայ լրագրողներից մեկը` լուծվող սուրճի տուփը ձեռքին, սկսեց բաժակ որոնել…
Մի խոսքով` ՀԱՊԿ նիստին նախագահների ժամանման համար ամեն ինչ պատրաստ է…