ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը, հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը:
Ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին` Բեսլանի մոտ:
Հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսը, որում եղել է 52 մարդ, հիմնականում` Հայաստանի քաղաքացիներ մեծ արագությամբ բախվել է Scania բեռնատարին: Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով, նա զոհվել է։
«Ըստ նախնական տվյալների՝ 4 մարդ մահացել է դեպքի վայրում»,- նշվում է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
Վթարի վայրը շղթայված է, ավտոբուսից դիզվառելիքի մեծ արտահոսք է եղել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, բժիշկներն ու իրավապահները, ովքեր փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառները: