ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքի Դիատամիտ հանքի հարևանությամբ գտնվող ձորը ավտոմեքենա է ընկել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգողը չի կարողացել հստակ մատնանշել վթարի վայրը, գրեթե մի քանի ժամ շարունակվել են որոնողական աշխատանքները և միայն առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում նշված հանքի հարևանությամբ գտնվող ձորում ճանապարհից մոտ 100 մետր խորության մեջ հայտնաբերվել է Nissan Patrul մակնիշի համարանիշի ավտոմեքենան։
Փրկարարներն ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 9-րդ տան բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանի դին։ Քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 32-ամյա Ռաֆայել Կարմաջյանին և 36-ամյա Կարեն Ներսիսյանին։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և 4-րդ վիրավորի ինքնությունը։ Վթարի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացաններ, ատրճանակ, 3 խփված նապաստակ. հավանաբար նրանք որսի են եղել։
Նշվում է, որ մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։