Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նա նշեց, որ աշխարհի ոչ մի երկրում չկա այնպիսի ազդեցիկ հայկական համայնք, ինչպիսին Ռուսաստանի համայնքն է:
- Ռուսաստանաբնակ հայերն ինչպե՞ս են մասնակցում պատմական հայրենիքի առաջ ծառացած խնդիրների լուծման գործին:
— Իրենց բացառիկ ներուժն են օգտագործում: Հայերը խորհրդային վերնախավի մի մասն են կազմել, իսկ հետխորհրդային շրջանում նրանք հայտնի են որպես օժտված գործարար մարդիկ: Մենք կարող ենք կարծիք փոխանցել բարձրաստիճան պաշտոնյաներին: Ռուսաստանում մի շարք հայ փորձագետներ կան, որոնք Հայաստանի ու Ղարաբաղի հետ կապված գլոբալ հարցերում որևէ հակասական գնահատական չեն տալիս:
- Արդյու՞նքը:
— Վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին զենք էր վաճառում և զգալի եկամուտ ստանում դրանից:
Քաղաքական առումով այդ հանգամանքն ակնհայտ բացասական հետևանքների էր հանգեցնում: Ե՛վ փորձագետները, և՛ Հայաստանի ղեկավարությունը բացատրում էին, որ նման քաղաքականության շարունակականությունը կարող է հակառուսական տրամադրություններ առաջացնել հայերի շրջանում: Այսօր Մոսկվան դա գիտակցում է: Այժմ փորձում ենք տեղ հասցնել այն միտքը, որ եթե հայերն ադրբեջանցիների հետ ունեցած դիմակայության հետևանքով կորցնեն Ղարաբաղը, ապա Ռուսաստանն ինքնաբերաբար կկորցնի նաև Հայաստանին: Եվ այդ ժամանակ Ռուսաստանը դուրս կմնա Հարավային Կովկասից:
- Այդ դեպքում հավանակա՞ն է, որ ռուսական քաղաքականությունը փոխվի տարածաշրջանում:
— Ռուսաստանի իշխանությունների շերտերում գերակշռում է այն կարծիքը, որ Հարավային Կովկասի բանալին Բաքվում է գտնվում: Նրանք, ովքեր այդպես են մտածում, պարզապես խորությամբ չգիտեն այդ տարածաշրջանը և չեն հասկանում՝ ինչ քաղաքական հոսանքներ են այստեղ հատվում: Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասի բանալին գտնվում է Երևանում: Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում հիմնականում կախված է նրանից, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն իրավական ինչ ձևակերպում կունենա: Եթե հարցը սխալ լուծում ստանա, ապա ռուսական քաղաքականության համար ճակատագրական հետևանքներ կունենա: Ես խոսում եմ նաև Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունների մասին: Սակայն կարծում եմ, որ մենք բավականաչափ մտավոր ներուժ ունենք, որպեսզի մեր դիրքորոշումը ռացիոնալ և անաչառ կերպով հասցնենք քաղաքական որոշումների բարձր մակարդակ:
- Հայկական ծագում ունեն ոչ միայն համայնքի ականավոր գործիչները, այլև բարձրաստիճան ռուս գործիչները: Օրինակ` Սերգեյ Լավրովը կարո՞ղ է նման որոշման մասնակից դառնալ:
— Մենք համակուրսեցիներ ենք: 1967 թվականին միասին ընդունվեցինք և զուգահեռ խմբերում սովորեցինք: Այո, իսկապես, Սերգեյ Լավրովը հայկական արմատներ ունի հորական կողմից: Սակայն ծնողները շուտ են բաժանվել, և նա հաջող կարիերա է ստեղծել մոր ազգանունով: Անկեղծ ասած, մինչև 1992 թվականը չգիտեի, որ նա հայկական արմատներ ունի: Առաջին անգամ այդ մասին նա հայտնեց, երբ մենք Սաշա Լյուբիմովի հետ միասին վարում էինք «Կռասնի կվադրատ» ծրագիրը: Լավրովը մեզ հյուր եկավ և խոսքի մեջ նշեց, որ հայկական արմատներ ունի: Որպես պաշտոնյայի՝ նրան այս հանգամանքը չի խանգարում: Ասում է, որ հայ է զգում իրեն, և բոլորն արդեն գիտեն այդ մասին: Ադրբեջանական բլոգներում գրում են, թե նա հայկական քաղաքական գիծ է վարում: Սակայն դա իրականությանը չի համապատասխանում: ԱԳՆ ղեկավարն իրականացնում է ռուսական արտաքին քաղաքական ուղղվածությունը:
Իհարկե, ոչ պաշտոնական միջավայրում, նա, որպես փորձառու դիվանագետ և հզոր երկրի ներկայացուցիչ, կարող է իր գործընկերային հարաբերությունների հորիզոններն ընդլայնել Հայաստանի ղեկավարության հետ զրույցներում: Սակայն, հավանաբար, հայկական ծագումն ավելի շուտ հետ պահող հանգամանք է: Պետք է նշեմ, որ մենք` հայերս, այսպիսի մի գիծ ունենք` սկազբում ելնում ենք այն երկրների շահերից, որտեղ ապրում ենք և որի քաղաքացին ենք հանդիասնում, հետո միայն հիշում մեր ազգային ծագումն ու պատմական հայրենիքը:
- Խոսելով պատմության մեջ անհատների դերի մասին՝ կարո՞ղ եք նշել այն վառ իրադարձությունները, որոնք կապված են Ռուսաստանի հայերի հետ:
— Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին սպառազինության ժամանակակից համակարգեր՝ «Բուկեր» և «Իսկանդերներ»: Դրանք որակական փոփոխություններ կատարեցին հայ-ադրբեջանական հարաբերություններում: Մի կողմից սա ռուսական ղեկավարության նոր մոտեցումն է, մյուս կողմից` Հայաստանի նախագահի, ԱԳՆ-ի և հայ համայնքի ներկայացուցիչների համատեղ մեծ աշխատանքի արդյունք: Սա այն դեպքն է, երբ գործն առավել քան խոսուն է: Երբ 90-ականներին լուծվում էր հայկական ԱԷԿ-ի պահպանման համար վարկ հատկացնելու հարցը, մեծ դեր ունեցան հայ ականավոր գործիչները: Այդ ժամանակ Դումայում ոչ հարգալից հայտարարություններ էին հնչում նախկին խորհրդային հանրապետությունների հասցեին: Մե՛նք համոզեցինք իշխանություններին, որ այդ վարկը տրամադրեն: Հանդիպումներ եղան խմբակցությունների առաջնորդների հետ, որպեսզի նրանք «կողմ» քվեարկեն: Ռուսաստանին ռազմավարական առումով ձեռնտու էր, որ Հայաստանը հաղթահարի էներգետիկ ճգնաժամը: Սակայն կային նաև մտավախություններ, որ հանրապետությունը կարող է լոյալ չգտնվել, ինչպես դա ցույց տվեցին Վրաստանի իրադարձությունները: Արդյունքում հաղթեց խելամտությունը: Եվ դա Ռուսաստանի հայերի վաստակն է: