ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության (ՌՀ ԳԴԾ) տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ArmHiTec-2016 ցուցահանդեսին Երևանում։ Այս մասին գրված է ծառայության կայքում։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ArmHiTec-2016-ին կմասնակցի ավելի քան 50 ընկերություն 9 պետությունից։ Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժին են կազմում զրահատանկային և հրթիռահրետանային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ռազմական ավիացիան, հրազենն ու զինամթերքը, ԱԹՍ-ները և համալիրները, կապի միջոցները, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգերը, ռոբոտատեխնիկական համալիրները, պաշտպանության և անձնական պաշտպանության միջոցները, լազերային, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաները, տեղեկատվության պաշտպանման համակարգերը, հանդերձանքը, բժշկական աջակցությունը։
Ռուսական միասնական ցուցահանդեսին իրենց մշակումները կներկայացնեն ռուսական 24 կազմակերպություն, որոնցից 16-ը ռազմական նշանակության արտադրանք կցուցադրեն։
Ռուսական ընկերությունները կցուցադրեն 212 ցուցանմուշ։