ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։
Գիշերվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում:
Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (155 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (109 կրակոց):
Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: