ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի` հոգին ու լսողությունը շոյող ձայնն աշխարհի լավագույն ձայներից մեկն է համարվում։ Հենց այս երգչուհու երգեցողությունն ու դերասանական կարողություններն են օրինակ բերում կոնսերվատորիաների և երաժշտական ուսումնարանների սովորողներին, հատկապես՝ Հայաստանում։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեցին երգչուհու ծննդյան 100-ամյակը։ Թատրոնի նախասրահում ցուցադրության էին դրվել երգչուհու արխիվային լուսանկարները, ու հենց թատրոնում էլ տեղի ունեցավ Սազանդարյանին նվիրված հոբելյանական նամականիշի մարումը։
Մարումն իրականացրին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, թատրոնի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տաթևիկ Սազանդարյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում:
Միջոցառման պաշտոնական մասից հետո հանդիսատեսը տեղափոխվեց դահլիճ՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ II» օպերան դիտելու համար։
Հայաստանի մշակույթի նախարարության հոբելյանական տարվա շրջանակում Հայաստանի երաժշտական ընկերությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ինչպես նաև Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթ են կազմակերպել երիտասարդ մենակատարների համար։ Իններորդ անգամ անցկացվող մրցույթն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 17-ին և կավարտվի նոյեմբերի 6-ին: Օպերային թատրոնի մենակատար Վարսենիկ Ավանյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ «Արշակ II» օպերայում։
«Տաթևիկ Սազանդարյանն առաջինն է խաղացել Փառանձեմի դերը «Արշակ II»-ում։ 10 տարի առաջ, երբ ես նոր էի մեծ բեմ բարձրացել, այդ դերն ինձ համար նույնպես առաջինն էր»,- ասաց Ավանյանը։
Նրա խոսքով` Սազանդարյանը մեծություն է հայ երաժշտության համար, նա եղել է տաղանդավոր դերասանուհի և վառ անհատականություն։
«Կարծում եմ, որ հենց վառ անհատականությունն է ազդել բոլոր դերերի վրա։ Նա փայլել է ոչ միայն հայկական օպերայում, այլև եվրոպական և այլ բեմերում»,- նշեց օպերային երգչուհին։
Մշակույթի վաստակավոր աշխատող Դավիթ Ղազարյան էլ իր հերթին նշեց, որ Տաթևիկ Սազանդարյան անգերազանցելի երգչուհի էր։
«Ազգային օպերային թատրոնում նա անվերապահորեն նվիրված է եղել հայկական երգարվեստին», — ասաց Ղազարյանը` հպարտությամբ հիշելով երգչուհու գլխավոր դերերն ու նման մեծ երգչուհիներ մաղթելով հայ ժողովրդին և Ազգային օպերային։
Հայտնի մեցցո սոպրանո, խորհրդային օպերային երգչուհի, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր Տաթևիկ Սազանդարյանը ծնվել է 1916թ-ի օգոստոսի 20-ին, կյանքից հեռացել է 1999թ-ի հոկտեմբերի 6-ին։
Մարտիրոս Սարյանը նրա մասին ասել է. «Տաթևիկ Սազանդարյանը հայ օպերային բեմի զարդերից է: Ձայնային և դրամատիկական հիանալի տվյալները, բեմական գերազանց կուլտուրան ու ճաշակը, բարձր պրոֆեսիոնալիզմն իրավունք են տալիս նրան կոչել Վարպետ՝ բառի իսկական իմաստով:
Տաթևիկ Սազանդարյանի փայլուն արվեստը վաղուց արդեն դարձել է մեր մշակույթի տարեգրության գեղեցիկ էջերից մեկը»: