ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. «Հայաստանի և Լեհաստանի մշակույթները շատ տարբեր են, սակայն այս երկրների միջև առանձնահատուկ երկխոսություն կա»,- Sputnik Արմենիային ասաց Լյուբլինի պարային թատրոնի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Ռիչարդ Կալինոսկին, որը Երևան է ժամանել «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակում։ Ասում է, որ պատրաստ է իր փորձը փոխանցել հայ երիտասարդներին։
«Ինձ համար ժամանակակից պարերն իմ զգացողություններն են, այն, ինչ զգում եմ այս պահին, այն վիճակը, որում մարմինս է, ինձ շրջապատող մթնոլորտը և այն, ինչ զգում եմ մարմնով։ Զգացածս փոխանցում եմ մարդկանց, հուսով եմ` հանդիսատեսը կհասկանա ինձ», — ասաց Ռիչարդը։
Նրա խոսքով` ժամանակակից պարերը հենց դրանով էլ տարբերվում են թատրոնից, որ պարողը ոչ թե տեքստն է փոխանցում, այլ` իր ապրումները։
Նրա խորհուրդը սկսնակ պարողներին. «Սովորեք, զարգացեք, սովորեք այն, ինչ ձեզ են փոխանցում մանկավարժները, սակայն երբեք մի կրկնեք ուրիշների արածները, բացառիկ եղեք»։
«Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանն իր հերթին նշեց, որ «Պարի հարթակ» նախագծի նպատակն է լեհ պարուսույցների փորձը փոխանցել հայ պարողներին։
Լեհաստանից ժամանած մանկավարժների խումբը կմասնակցի մի քանի պարային համարների նախապատրաստմանը։ Նախագծի կազմակերպիչները հույս ունեն, որ հայ-լեհական համագործակցությունն այդ ոլորտում շարունակական կլինի։
«Հայֆեստ» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին։ Փառատոնի նպատակն է համաշխարհային թատերական մշակույթը ներկայացնել հայ հանդիսատեսին, նպաստել թատերական արվեստի զարգացմանը նպաստելը և այն ներկայացնել միջազգային հարթակներում։
Sputnik Արմենիան փառատոնի տեղեկատվական հովանավորն է։