ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Փարիզում զինված կողոպտիչներն ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանից հափշտակել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը, որը մեջբերում է ոստիկանության տվյալները։
Գործակալության տվյալներով` հարձակվողները հինգն են եղել։ Քարդաշյանը ժամանել է Փարիզ մոր և քույրերի հետ` Փարիզի Նորաձևության շաբաթին ներկա գտնվելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանի վրա հարձակվել են զինված անձինք։
Հարձակվողները ոստիկանի հագուստով են եղել և Քարդաշյանին սպառնացել են զենքով։ Նրա ամուսին Քանյե Ուեսթը, իմանալով պատահարի մասին, դադարեցրել է Նյու Յորքում իր համերգը, հաղորդում է հեռուստաալիքը։ Հայտնի է, որ Քարդաշյանը վիրավոր չէ, բայց խիստ վախեցել է։