ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը։
Հայաստանի կառավարության և Չինաստանի հատուկ վարչական շրջանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2016թ-ի փետրվարին։ Մակաոն ստեղծվել է 1999թ-ի դեկտեմբերի 20-ին Մակաո պորտուգալական գաղութի վերացման հետևանքով և դարձել ՉԺՀ երկու հատուկ վարչական շրջաններից մեկը (մյուսը Հոնկոնգն է)։ Մինչ այդ 1557թ-ից 1557թ-ից սկսած 442 տարի շարունակ Մակաոն կառավարել է Պորտուգալիան, եղել է Արևելյան Ասիայի ամենահին եվրոպական գաղութը։ Լինելով ՉԺՀ կազմում` Մակաոն զգալի ինքնավարություն ունի` սեփական օրենքներ, իրավական, դրամական, մաքսային և էմիգրացիոն համակարգեր, ինչպես նաև` տարբեր միջազգային կազմակերպություններում մասնակցության իրավունք։
Պաշտպանությունն ու դիվանագիտական կապերը տնօրինում է Չինաստանի կառավարությունը։ Քաղաքը խոշոր ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև հայտնի է իր խաղատներով, ձիարշավարաններով, գիշերային ակումբներով։ Տարբեր տվյալներով` խաղատների բիզնեսը կազմում է քաղաքի եկամուտների երեք քառորդը։