ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Մարիա Ավագյան. Ցուցահանդեսը նվեր էր թանգարանին գերմանացի գործընկերների կողմից: Բացումից հետո տեղի ունեցավ «նվերի» հանդիսավոր հանձնումը:
«Հեքիաթը մարդկության ամենահիանալի ձեռքբերումներից է, նույնիսկ մեծագույն հանճարներին դժվարությամբ է հաջողվել ստեղծել դրանք»,- ասաց անսովոր ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը:
Կազմակերպիչների կարծիքով, ցուցահանդեսը կհետաքրքրի ոչ միայն երեխաներին, այլ նաև գերմաներենի մասնագետներին, ոճաբան-դիզայներներին:
Ինտերակտիվ ցուցահանդեսը, ճանապարհորդելով աշխարհի շատ երկրներով, հյուր է եկել հայ փոքրիկներին և հանգրվանել մեծ հեքիաթասացի տանը:
«Պատահական չէ, որ հենց մեր թանգարանն է դարձել այդ ցուցահանդեսի կազմակերպման վայրը: Չէ՞ որ Գրիմ եղբայրների ճամփորդող հերոսները Գերմանիայից ժամանել են Թումանյանի հայրենիք», — ասաց Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Հայտնի է, որ Թումանյանը եղել է Գրիմ եղբայրների հեքիաթների լավագույն թարգմանիչներից մեկը։ 1913թ-ին՝ գերմանական առաջին հրատարակումից 101 տարի անց, նա իրականացրել է իննը հեքիաթի հրաշալի թարգմանություն:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը նշեց ցուցահանդեսի արդիականությունը, ընդգծելով, որ ցուցահանդեսների, ներկայացումների կազմակերպումը, ի տարբերություն ավանդական կանոնների, այսօր բոլորովին նոր մոտեցում է պահանջում, երբ հանդիսատեսն ակտիվորեն ընդգրկվում է տեղի ունեցող գործողության մեջ:
Այդ ամենը փայլուն կերպով ցուցադրեց Գերմանիայի «Գալի» ինետրակտիվ թատրոնը: